St Sarkis Traditions

St Sarkis

Աղաբլիթի սովորության մասին
Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները,որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։
Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։
Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն։ Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքին կամ տոներին կապում են նաև գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին։
Կա սատանայապաշտության գիտակցական և ոչ գիտակցական ձև։ Իրավամբ է արտահայտված այն տեսակետը, որ մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այստեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն։
Այդպիսին է նաև այսպես կոչված ժողովրդական որոշ բժիշկների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, նաև ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում են եկեղեցի` մկրտվելու, որովհետև, նրանց պնդումով, առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը։
Ցավոք, այսպիսի դեպքեր նաև մեզ մոտ են լինում: Եվ պատահում է, որ մկրտության եկած ընտանիքի անդամները անկեղծորեն խոստովանում են, որ իրենց մկրտության է ուղարկել այսպես կոչված բժիշկը բուժման հաջորդ փուլին անցնելու համար։ Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի է գայթակղել մկրտված մարդու, քան թե չմկրտվածին։ Այսպիսին են նաև որոշ ժողովրդական կոչվող բուժման տարօրինակ միջոցներ, որոնք գործածելուց քրիստոնյաներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ։
Վերադառնանք աղաբլիթին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Աստծուն հավատարիմ մարդը գուշակության դիմեր` իմանալու համար իր ապագա կողակցին։ Սակայն Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որին ինքը պիտի ընտրեր Իսահակի համար (Ծննդ. 24.12-14)։ Հետևաբար, եթե հետաքրքրված ենք այս հարցով, մենք կարող ենք աղոթել,սակայն, ըստ Աստվածաշնչի, ով որ գուշակություն է անում, պիղծ է Աստծո առաջ։ Այս մասին հենց Աստված Ինքն է ասում իսրայելցիներին. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը … կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, կանխագուշակումներ անի, … ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. … մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Բ Օրինաց 18.10-14)։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)